«Քարվաճառը, Քաշաթաղը, ինչպես նաև Ակնայի շրջանի մի մասը վերադարձրել ենք առանց գեթ մեկ կրակոցի». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Արցախյան երկրորդ պատերազմում ձեռք բերված ռազմական ավարի պարկի բացման արարողությանն անդրադարձել է պատերազմում գրանցված արդյունքներին, հայտնում է minval.az-ը:
Նրա խոսքով` Շուշիի գործողությունից հետո «Հայաստանը ծնկի է եկել»:
«Թշնամին ծնկի է եկել, խոնարհել գլուխն ու սպիտակ դրոշ բարձրացրել, ընդունել է պարտությունը, նոյեմբերի 10-ին ստորագրել է կապիտուլյացիայի մասին ակտը, և մենք առանց գեթ մեկ կրակոց արձակելու վերադարձրել ենք «շրջափակված» (չակերտները-Խմբ.) Քարվաճառի, Քաշաթաղի շրջանները, ինչպես նաև Ակնայի շրջանի մի մասը»,-ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը: