Ընդդիմության համախմբումը չի ստացվում. Անգամ ՀՅԴ-ն կամուկացի մեջ է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընդդիմադիր դաշտում հույս ունեին, որ կհաջողվի համախմբել հիմնական ուժերին եւ եթե ոչ մեկ ընդհանուր ճակատով գնալ ընտրությունների, ապա գոնե մի քանի մեծ բլոկներով, ինչը նաեւ ընտրողի մոտ հույսեր կարթնացներ եւ ուժերի հավասարակշռությունը կթեքեր դեպի ընդդիմությունը։
Սակայն այս օրերին ընդդիմադիր շատ գործիչներ մեծ հիասթափություն են ապրում, քանի որ ակնհայտ է՝ մեծ համախմբում չի ստացվում, անգամ կարող է փոքր համախմբում էլ չստացվել։ Եվ ներքին քննարկումներում մատնացույց են անում դրա հիմնական մեղավորներին՝ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան։ Ասում են, որ վերջիններս ավելի շատ իրար դեմ են պայքարում, քան Նիկոլ Փաշինյանի։ Մինչդեռ եթե նրանք մի կողմ դնեին տարաձայնությունները եւ միավորվեին, ապա Նիկոլի հարցերն արագ կլուծվեին։
Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանն իշխանություն վերցնելու հավակնություններ չունի եւ առաջին հերթին իր թիմի հարցն է փորձում լուծել, բայց նաեւ ամեն ինչ անում է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ չգա իշխանության։
Ինչ վերաբերում է Ռ․ Քոչարյանին, ապա նա էլ մեծ եւ չարդարացված ամբիցիաներ ունի, չի ուզում որեւէ մեկի հետ կոմպրոմիսի գնալ եւ կարծում է, որ ինքը պետք է դոմինանտ լինի ու ցուցակն էլ միանձնյա կազմի։
Սա է պատճառը, որ նրան միանալու պատրաստ շատ ուժեր տատանվում են եւ չեն ուզում շոգեքարշի վերջին վագոնի դերը ստանձնել։ Անգամ ՀՅԴ-ն կամուկացի մեջ է։ Ընդդիմության նման պառակտվածությունը բացառապես Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: