Թուրքիայում ընտանիքը թաղել է թղթաբանական սխալի հետևանքով «մեռած» հարազատին, ապա պարզել, որ նա ողջ է և շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում
Թուրքիայում մահացածի ընտանիքը, անծանոթին շփոթելով իր հարազատի հետ, հուղարկավորել է նրան, հայտնում է Lenta.ru լրատվական կայքը։
Պարզվում է` քաղցկեղից բուժվող 89-ամյա Ռեջեփ Չելիքը և կորոնավիրուսով վարակված 69-ամյա Ռեջեփ Յըլմազը բուժվել են նույն հիվանդանոցում։ Երբ մեկ այլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում տեղ է ազատվել, Յըլմազին տեղափոխել են այնտեղ, սակայն սխալմամբ գրանցել են որպես Ռեջեփ Չելիք։ Տեղափոխման հենց նույն օրը տղամարդը մահացել է:
Անվան սխալ գրանցման հետ կապված սխալմունքի պատճառով Յըլմազի մահվան մասին տեղեկացրել են Չելիքի հարազատներին, որոնք թեև զարմացել են, որ մահվան պատճառը ոչ թե քաղցկեղն է, այլ կորոնավիրուսը, սակայն վերցրել են հանգուցյալի դին ու հուղարկավորել: Ընդ որում հարազատները նրան թաղել են՝ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով առանց դիակը տեսնելու։
Հաջորդ օրը հիվանդանոցում բացահայտվել է շփոթմունքը և այն, որ իրական Չելիքը ողջ է: Բժիշկը նշել է, որ շփոթմունքը առկա է միայն փաստաթղթերում և ոչ բուժման մեջ։