1900 դոլար արժողությամբ զգեստ և գունաբացած վարսեր․ Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց ի վեր առաջին անգամ ամուսնու հետ մասնակցել է հանրային միջոցառման (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց և հանրային ուշադրությունից խուսափելուց ամիսներ անց նախօրեին ամուսնու՝ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնակցել է Փալմ Բիչում Հանրապետական կուսակցության դրամահավաքին, գրում է Daily Mail-ը։
Հանրապետական ազգային կոմիտեի համար Թրամփի կազմակերպած ընթրիքին նախկին առաջին տիկինն ունեցել է նրբագեղ տեսք․ նա միջոցառմանը ներկայացել է իտալական Giambattista Valli բրենդի 1900 դոլար արժողությամբ սպիտակ զգեստով, նույներանգ կոշիկներով և, ինչպես նկատում է պարբերականը, գունաբացած վարսերով։
Սոցիալական ցանցերում հայտնված կադրերում երևում է՝ ինչպես է 50-ամյա Թրամփը հետևում ամուսնուն՝ ժպտալով սենյակի մուտքի մոտ իրենց ողջունող հյուրերին։
Ըստ The Washington Post-ի՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մոտ մեկ ժամ ելույթ է ունեցել կուսակցական դրամահավաքի ժամանակ, որի ընթացքում ասել է, որ «COVID-19 պատվաստանյութը պետք է անվանվի իր պատվին, խոսել է նոյեմբերյան կեղծված ընտրությունների մասին, ինչպես նաև նախկին փոխնախագահ Մայք Փենսին մեղադրել բավարար խիզախություն չունենալու համար»։