Իրանի իշխանությունները քաղաքացիներին արգելել են ճամփորդել Թուրքիա և ևս 38 երկիր
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Իրանը կորոնավիրուսային համավարակի չորրորդ ալիքի ֆոնին արգելել է իր քաղաքացիներին ճանապարհորդել 39 երկիր, գրում է IRNA-ն:
Էսլամին ասել է, որ բոլոր զբոսաշրջային գործակալությունները պետք է պահպանեն «կորոնավիրուսի ազգային շտաբի» սահմանած կանոնակարգերը, որոնք արգելում են ցանկացած ճանապարհորդություն դեպի Թուրքիա, քանի որ առևտրային խնդիրների պատճառով այս երկիր կանոնավոր թռիչքները դեռ գործում են:
Պաշտոնյան շեշտել է՝ Իրանի Խուզեստան նահանգը «կարմիր գոտում» է ներառվել կորոնավիրուսի տարածման տեսանկյունից, և հավելել է նաև, որ Իրաքի հետ օդային երթևեկությունն արգելված է Խուզեստան նահանգում տիրող իրավիճակի պատճառով:
Բացի այդ, նա մանրամասնել է, որ սահմանային անցակետերում խմբեր են տեղակայված, որոնք վարակակիրների հետազոտություն են կատարում՝ կանխելու համար կորոնավիրուսակիրների մուտքը երկիր:
Նա ավելացրել է, որ դեպի Մեծ Բրիտանիա թռիչքների արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ, և դեռ հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն շրջագայությունները դեպի Թուրքիա: