Ամերիկուհին հրաժարվում է վերադարձնել իր հաշվին սխալմամբ փոխանցված 1,2 միլիոն դոլարը. նա ձերբակալվել է
ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում մի կին է ձերբակալվել այն բանից հետո, երբ հրաժարվել է վերադարձնել 1,2 միլիոն դոլար գումարը, որը սխալմամբ փոխանցվել էր իր բրոքերային հաշվին, գրում է unilad.co.uk-ը:
Նշվում է՝ Քելին Սպադոնին կալանքի տակ են վերցրել չորեքշաբթի` հափշտակության, բանկային խարդախությունների և դրամական միջոցների ապօրինի փոխանցման մեղադրանքով:
Ենթադրյալ հանցագործությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ֆինանսական ծառայությունների կորպորացիան պատահաբար ավելի քան 1,2 միլիոն դոլար է մուտքագրել նրա հաշվին՝ նախատեսված 82 դոլարի փոխարեն:
Իշխանությունները պնդում են, որ 33-ամյա կինը գումարը միանգամից փոխանցել է մեկ այլ բանկային հաշվին՝ նախքան դրա որոշ մասը նոր մեքենայի և նոր տան գնման վրա ծախսելը:
Երբ բանկը փորձել է հետ պահանջել գումարը, հարցումը մերժվել է, քանի որ այն այլևս հասանելի չի եղել բանկային հաշվում:
Ձերբակալությունից հետո կինն ազատվել է աշխատանքից: Նա աշխատում է արտակարգ իրավիճակների ծառայությունում՝ 911-ում, որպես դիսպետչեր:
Ֆինանսական կորպորացիան դատական հայց է ներկայացրել նրա դեմ՝ պնդելով, որ մի քանի շաբաթվա ընթացքում շարունաբար կապվելու փորձ է կատարել 33-ամյա կնոջ հետ, բայց նա չի արձագանքել:
Դատական հայցում շեշտվում է՝ «կինն իր վարքագծով հասկացրել է, որ մտադիր չէ սխալմամբ փոխանցված միջոցները վերադարձնել ընկերությանը»:
Նշենք՝ մինչ այժմ խուզարկուներին հաջողվել է վերականգնել միայն գումարի 75 տոկոսը, քանի որ մնացածը ծախսվել է թանկարժեք իրերի, այդ թվում՝ 2021 Hyundai Genesis սպորտային մեքենայի վրա, որի գինը նվազագույնը կազմում է 48 000 ԱՄՆ դոլար: