Ֆեյսբուքյան գրառման պատճառով հարձակում են գործել Արցախից լրագրող Մարատ Եգանյանի տան վրա. «Մեդիա պաշտպանը» Արցախի ոստիկանությունից պահանջում է չսատարել խուլիգանական հարձակում գործած անձին
Արցախից լրագրող Մարատ Եգանյանը հայտնում է, որ իր տան վրա հարձակում է տեղի ունեցել։ Հարձակումն, ըստ լրագրողի, տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի եղբայր Տիգրան Հարությունյանի կողմից։ Մարատ Եգանյանը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում, անդրադառնալով թեմային, նշել է, որ դեպքը տեղի է ունեցել իր կողմից ղեկավարվող ֆեյսբուքյան խմբում տեղ գտած գրառման պատճառով։
«Մեդիա պաշտպան»-ի հաղորդմամբ՝ լրագրողը հանդիսանում է «Դեսերտիրներ» խմբի մոդերատոր, որտեղ տարբեր քաղաքացիներ հայտնում են այն մարդկանց անունները, ովքեր պատերազմի օրերին փախել են ծառայությունից։ Այդ խմբում գրառում է հայտնվել նաև պատգամավորի մասին։ Այդ գրառումից հետո զանգել են լրագրողին:
«Ես այդ պահին չգիտեի, որ այդպիսի գրառում է հայտնվել խմբում։ Տեղեկացա գրառման մասին, զանգահարողը պատգամավորի եղբայրն էր։ Նա ցանկանում էր, որպեսզի գրառումը հեռացվի»,- աղբյուրի հետ զրույցում նշել է Մարատը։ Նրա խոսքով՝ հանդիպում է տեղի ունեցել իր և Տիգրան Հարությունյանի միջև, որտեղ Տիգրան Հարությունյանը նշել է, որ ծառայել է հրետանիում, որից հետո տեղափոխվել է պահեստներ։ Մարատն այդ լուրը հայտնել է խմբում գրառում կատարողին, ով արդեն պատրաստվել է հեռացնել գրառումը:
«Ինձ հերթական զանգը եկավ, և միանգամից սպառնալիքներ, այդ զանգից հետո ես խնդրեցի հեղինակին, որպեսզի նա չհեռացնի գրառումը։ 10 րոպե հետո իմ տան դռների մոտ հայտնվեց Տիգրանը, ես նրան դուրս հրավիրեցի, նա սկսեց հայհոյել, ես կրկին դուրս եկա տնից, նա փախավ»,- պատմում է Եգանյանը։ Լրագրողի խոսքով, նա կրկին վերադառնում է ու քարեր է նետում տան ուղղությամբ։
«Ընդհարումից հետո ոստիկանությունը եկավ, երկուսիս էլ տարան ոստիկանություն, այնտեղ բացատրույթուն տալուց հետո երկուսիս էլ բաց թողեցին»,- նշել է լրագրողը։
Միջադեպից հետո Մարատը գրառում է կատարել, այդ հոդվածի հետքերով սպառնալիքները շարունակվել են։ «Սպառնալիքներով այս ամենը չավարտվեց, նրանք շարունակեցին հարձակվել իմ տան վրա և հետո՝ նաև իմ։ Ես վնասվածքներ ունեցա, հեռախոսս վնասվեց», - նշել է Մարատը։
«Մեդիա Պաշտպանը» նշում է՝ Մարատը մեծ հույս չի կապում ոստիկանության հետ։ Ոստիկանները պարբերաբար նշել են, որ այդ ամենը այլևս չի կրկնվի։ Ըստ լրագրողի, ոստիկաններն ամեն ձև փորձում են պատասխանատվությունից ազատել այդ մարդուն ․ «Մինչև հիմա քրեական գործ հարուցված չէ»։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ հարձակումը։ Նման դեպքերը պետք է տեղ չունենան մեր հասարակությունում։ Խոսքի ազատությունը չպետք է բռնության ենթարկվի։ Նախաձեռնությունը Արցախի ոստիկանությունից պահանջում է այս դեպքը, իրենց բնորոշմամբ՝ ծածկադմփոց չանել, չսատարել լրագրողի տան վրա խուլիգանական հարձակում գործած անձին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռությունն իր աջակցությունն է հայտնում Մարատ Եգանյանին և պատրաստ է ներպետական և միջազգային օրենքներով թույլատրելի միջոցներով սատարել։