«Դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա»․ արքայազն Ֆիլիպն իր թոռան և Մեգան Մարքլի աղմկահարույց հարցազրույցը «խելացնորություն» էր անվանել․ Daily Mail
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպն իր թոռան՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի՝ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված աղմկահարույց հարցազրույցը «խելացնորություն» էր որակել: Այս մասին Daily Mail-ին հայտնել է թագավորական կենսագիր Ջայլզ Բրանդրեթը։
«Նրա մտերիմներից մեկն ինձ հայտնել է, որ արքայազն Ֆիլիպը թոռան և Մեգան Մարքլի հարցազրույցը «խելացնորություն» է անվանել և հայտարարել, որ «դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա»»,-ասել է կենսագիրը։
Նրա խոսքով՝ արքայազն Ֆիլիպի արձագանքն ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ նա միևնույն կարծիքին էր նաև 1990-ականներին՝ արքազն Չարլզի և արքայադուստր Դիանայի տված հարցազրույցից հետո։
Օփրա Ուինֆրիի հետ Սասեքսի դքսուհու հարցազրույցը եթեր է հեռարձակվել այն ժամանակ, երբ արքայազն Ֆիլիպը հիվանդանոցում էր, սակայն Ջայլզ Բրանդրեթը նշել է, որ արքայազնին ավելի շատ անհանգստացնում էր այն հանգամանքը, որ ամուսինները հրապարակավ քննարկում են իրենց անձնական կյանքի մանրամասները։
Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին արքայազնի մահվան մասին թագավորական ընտանիքը հայտնել է իր թվիթերյան էջում․ «Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Ուինձորի ամրոցում»։
Արքայազնը մահացել է 99 տարեկանում։ Նա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միապետի ամենաերկարակյաց կողակիցն է: