«Տատի՛կ, սպասի՛ր, ռուսերեն է խոսում, հավանաբար` մարդ է». դեպի տիեզերք պատմական թռիչքից հետո Գագարինի վայրէջքի ականատեսը 60 տարի անց BBC-ի հետ կիսվել է հիշողություններով (տեսանյութ)
Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան ռուս տիեզերագնաց Յուրի Գագարինի տիեզերք թռչելու 60-ամյակի առթիվ ուշագրավ ռեպորտաժ է պատրաստել։
Ռեպորտաժում Ռուսաստանի Դաշնությունում լրատվականի թղթակից Սթիվ Ռոսենբերգն անդրադառնում է առաջին տիեզերագնացի պատմությանն ու նշում, որ այդ առթիվ Մոսկվայում մի շարք միջոցառումներ են նախատեսված։
Տեսանյութում լրագրողը գտնվում է Յուրի Գագարինի արձանի մոտ, որը տեղադրվել է այնտեղ, որտեղ, 60 տարի առաջ տիեզերքից վերադառնալով, պարաշյուտով իջել է տիեզերագնացը, և հենց այնտեղ էլ զրուցում է Գագարինի վայրէջքի ականատեսը դարձած կնոջ հետ, որն այն ժամանակ 5 տարեկան աղջիկ է եղել։
5-ամյա աղջիկը տատիկի հետ դաշտում աշխատելիս է եղել, երբ Յուրի Գագարինը վայրէջք է կատարել։ Կինը վախեցել է, բռնել է թոռնուհու ձեռքը, որ արագ հեռանա, երբ տիեզերագնացը հանկարծ ասել է․ «Տիկնա՛յք, սպասե՛ք։ Ես ձեր տղաներից մեկն եմ»։
«Տատի՛կ, սպասի՛ր, ռուսերեն է խոսում, հավանաբար` մարդ է»,-լսելով Գագարինի խոսքը` ասել է երեխան:
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչն է ամենալավը հիշում՝ կինը պատասխանել է․ «Նրա ժպիտը, իհարկե։ Եվ նա շատ բարի ձայն ուներ»։
Կինը պատմել է, որ տատիկին մտահոգել է այն, թե որտեղից է տղամարդը եկել և նրա հարցին ի պատասխան Յուրի Գագարինն ասել է, որ եկել է երկնքից։ Նա նշել է, որ իրեն հաջողակ է համարում, որ դաշտում է եղել և դարձել է առաջին մարդը, որը ողջունել է տիեզերագնացին։
«Ես հպարտ եմ, որ դա մեր խորհրդային տիեզերագնացն էր, որը վայրէջք էր կատարել երկնքից», - նշել է կինը։
Տեսանյութում նաև անդրադարձ է կատարվում տիեզերք կատարված թռիչքին։ Այստեղ նշվում է, որ վերադարձից հետո Յուրի Գագարինը հերոսացվել է, իսկ տիեզերական մրցավազքում ԽՍՀՄ-ն առաջ է անցել Ամերիկայից։
«Սա խորհրդային քարոզչամեքենայի հաղթանակն էր։ Այդ օրվանից ի վեր հարյուրավոր մարդիկ են տիեզերք թռչել, սակայն այս մարդը առաջիննն էր և ռուսները շատ հպարտ են այն փաստով, որ հենց իրենց ազգակիցն է պատմություն կերտել», - ասվում է տեսանյութում։
Հիշեցնենք՝ 1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին մարդը, որը թռել է տիեզերական բաց տարածություն։ «Վոստոկ» հրթիռակիրը «Վոստոկ-1» տիեզերական հրթիռով, որի մեջ է գտնվել Յուրի Գագարինը, «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից դուրս է եկել տիեզերք։ Թռիչքից 108 րոպե հետո Գագարինը հաջողությամբ վայրէջք է կատարել Սարատովի մարզում՝ Էնգելս քաղաքից ոչ շատ հեռու։ Սկսած 1962 թվականի ապրիլի 12-ից, Գագարինի՝ տիեզերք թռիչք կատարելու օրվանից, ամեն տարի այդ օրը նշվում է որպես Տիեզերագնացության օր։