The Sun-ը բացահայտել է` մահից առաջ ինչ է խնդրել որդուն արքայազն Ֆիլիպը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը, մահից օրեր առաջ իր ավագ որդուն՝ Ուելսի արքայազն Չարլզին, խնդրել է հոգ տանել մոր մասին և գլխավորել թագավորական ընտանիքը, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով թագավորական կենսագիր Ռոբերտ Ջոբսոնին։
«Հիվանդանոցում զգացմունքային զրույցի ժամանակ Էդինբուրգի դուքսն արքայազն Չարլզին խնդրել է իր մահից հետո հոգ տանել թագուհու մասին։ Նա նաև հայտնել է, որ վերջինս առաջիկա տարիներին պետք է առաջնորդի թագավորական ընտանիքը»,- հրատարակությանը հայտնել է կենսագիրը։
Ինչպես ենթադրել է The Sun-ը, այդ զրույցի պատճառով է Ուելսի արքայազնը հիվանդանոցը լքելիս մռայլ տրամադրություն ունեցել։
«Իմ հայրը նշանավոր, նվիրյալ ծառայություն է մատուցել թագուհուն, իմ ընտանիքին և երկրին։ Մեր ընտանիքը շատ է կարոտում նրան։ Իմ սիրելի հայրիկը շատ առանձնահատուկ մարդ էր»,- արքայազն Ֆիլիպի մահից հետո գրել էր Ուելսի արքայազն Չարլզը:
Թագավորական ընտանիքի մեկ այլ աղբյուր նաև հայտնել է, որ արքայազն Ֆիլիպը ցանկություն է հայտնել վերադառնալ տուն և մահանալ Վինձորի ամրոցի պատերի ներսում՝ իր սեփական անկողնում։
Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին արքայազնի մահվան մասին թագավորական ընտանիքը հայտնել է իր թվիթերյան էջում․ «Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Ուինձորի ամրոցում»։
Արքայազնը մահացել է 99 տարեկանում։ Նա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միապետի ամենաերկարակյաց կողակիցն է:
Զույգն ամուսնացել է 1947 թվականին, երբ թագուհին ընդհամենը 21 տարեկան էր, իսկ արքայազնը թագավորական նավատորմի սպա էր, որը սերում էր հունական և դանիական թագավորական ընտանիքներից։ Այսպիսով, Ֆիլիպ Մաունթբաթենը դարձել է Էդինբուրդի դուքս արքայազն Ֆիլիպ։
Փետրվարին արքայազնը տեղափոխվել էր Լոնդոնի կենտրոնում գտնվող «Էդուարդ VII» մասնավոր հիվանդանոց, ապա սրտի վիրահատություն էր տարել Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցում։