Բավարիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել դառնալ Գերմանիայի կանցլերի թեկնածու
Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը հաստատել է, որ պատրաստ է դառնալ սեմպեմբերին Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ պահպանողականներին ներկայացնող թեկնածու կանցլերի պաշտոնի համար, սակայն ՔԴՄ/ՔՍՄ դաշինքում թեկնածուի հարցում վերջնական որոշում չկա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Զյոդերը Գերմանիայում ամենասիրված քաղաքական գործիչներից մեկն է, նա վարկանշով գերազանցել է Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Արմին Լաշեթին, որն իր զբաղեցրած պաշտոնից ելնելով՝ հավակնում է կանցլերի թեկնածու դառնալուն:
Կիրակի Բեռլինում կայացել է ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի ղեկավարության հանդիպումը բունդեսթագում, որին մասնակցել են երկու թեկնածուները: «Բանակցությունները վերջնական չեն եղել, մենք պարզել ենք, որ երկուսն էլ համապատասխան են եւ երկուսն էլ պատրաստ են: Կարեւոր է, որ մենք վերաբերվենք միմյանց հարգալից անկախ որոշումից, մենք լավ փոխազդենք, քանի որ խոսքը մեր հավակնությունների մասին չէ, այլ Միության (ՔԴՄ/ՔՍՄ) եւ Գերմանիայի բարօրության մասին է»,-հայտարարել է Զյոդերը:
Նմանատիպ հայտարարություն է արել Լաշեթը, որը նույնպես ընդգծել է կուսակցությունում միասնականության անհրաժեշտությունը կանցլերի թեկնածուի հարցի մասին:
«Մարկուս Զյոդերն ու ես նախքան այսօրվա հանիդպումը երկար զրուցել ենք, մենք պատրաստակամություն ենք հայտնել առաջադրվել՝ որպես թեկնածուներ կանցլերի պաշտոնում: Մենք պայմանավորվել ենք համատեղ դաշինքի հետ ներկայացնել առաջարկներ, որպեսզի հնարավորինս արագ որոշում կայացնենք: Մեր նպատակն այն է, որպեսզի առավելագույն միասնականություն հաստատենք, քանի որ ամբողջ աշխարհն է հետեւում՝ ինչպես է Գերմանիան զարգանում, աշխարհին անհրաժեշտ է կայուն Գերմանիա, ուստի մենք՝ որպես ժողովրդական կուսակցություն, կրում ենք հատուկ պատասխանատվություն»,-հայտարարել է Լաշեթը: