Սիմոն Մարտիրոսյանը պատերազմից հետո մասնակցել է Քարվաճառից խաչքարերի դուրս բերման աշխատանքներին (Լուսանկարներ)
Ծանրամարտի Եվրոպայի առաջնութունում օլիմպիական փոխչեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի ձախողումը մեծ ալիք է բարձրացրել սոցցանցերում:
Ֆեյսբուքյան օգտատեր, «Թռիչք» արշավական ակումբի համահիմնադիր Աշոտ Թոփուզյանը գրառում է կատարել Սիմոն Մարտիրոսյանի նախորդ օրվա ձախողման պատճառի մասին:
Ըստ օգտատիրոջ, աշխարհի կրկնակի չեմպիոնը մի քանի ամիս առաջ վնասվածք է ստացել Քարվաճառում՝ հայկական խաչքարերը տեղահանման աշխատանքներ կատարելիս:
«Ինքը Սիմոնն Է, մի շարք ռեկորդների հեղինակ բազմաթիվ անգամներ ամենաբարձր նվաճումների հասած, Հայաստանը բարձր մակարդակով ամեն անգամ ներկայացրած։ Երբ բոլոր մարզիկները մարզվում ու պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում, երբ մի օր էր մնացել մերոնց Քարվաճառից դուրս գալու, չգիտես ինչի ձգձգվում էր էդ տարածքներից արժեքավոր խաչքարերի դուրս բերումը, արագ խումբ կազմվեց ու առաջիններից հենց ինքն էր՝ Սիմոնը»,- գրել է Աշոտ Թոփուզյանը:
Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) անհաջող հանդես եկավ Մոսկվայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոնը զրո ստացավ հրում վարժությունում՝ չկարողանալով 3 փորձից բարձրացնել 227 կգ ծանրաձողը: Երկրորդ վարժության համար 24-ամյա ծանրորդը պատվիրել էր ամենածանր քաշը և մրցահարթակ դուրս եկավ այն ժամանակ, երբ մյուս բոլոր մասնակիցներն ավարտել էին ելույթները, սակայն անհաջողության մատնվեց: Պոկում վարժության համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 190 կգ, որը բարձրացրեց միայն երրորդ փորձից և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Նախորդ՝ Բաթումի-2019 Եվրոպայի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճել էր երկամարտի 427 կգ (192+235) արդյունքով: