Կապառոս․ Մենք լավ ենք մեկնարկել, բայց իրականությունից չենք կտրվել
Մենք ապավինում ենք մեր հավաքականի թիմային միասնականությանը եւ ոգու ուժին, ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պաշտոնական կայքի հետ զրույցում։ Fifa.com-ն անդրադարձել է Կապառոի հաջողություններին Հայաստանի հավաքականում, որը նրա ղեկավարությամբ արդեն 8 խաղում անընդմեջ պարտություն չի կրել։
«Մեծ եռանդով եւ ոգեւորությամբ սկսեցինք ընտրական մրցաշարը, բայց չենք մոռանում, թե ինչ բարդ խումբ է։ Մենք լավ ենք մեկնարկել, բայց իրականությունից չենք կտրվել։ Մրցակիցները հզոր են՝ Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, հատկապես, Գերմանիան։ Հրաշալի է, որ այս խմբում նման արդյունք ունենք։
Մենք կպատրաստվենք ամեն հերթական խաղին, հետո կտեսնենք, թե ուր կարող ենք հասնել։ Մենք ապավինում ենք մեր հավաքականի թիմային միասնականությանը եւ ոգու ուժին։ Մինչեւ սեպտեմբեր ընտրական խաղ չենք ունենալու, կհետեւենք ֆուտբոլիստներին, կտեսնենք, թե ինչ վիճակում են նրանք։
Հայաստանի ժողովուրդը կարող է վայելել այս արդյունքը, իսկ մենք կկենտրոնանանք մեր աշխտանքային մեթոդների վրա»,- ասել է Կապառոսը։
Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության ընտրական փուլը սկսեց երեք հաղթանակով եւ J խմբի առաջատարն է։ Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող Հյուսիսային Մակեդոնիան ու Գերմանիան ունեն 6-ական միավոր։