Իրանը հայտարարել է միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարի ահաբեկչական լինելու մասին
Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտում էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում տեղի ունեցած վթարը ահաբեկչության արդյունք է, ասել է Իրանի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրանը դատապարտում է այդ ստոր գործողությունը»,- շեշտել է երկրի փոխնախագահը:
Նա նաև համաշխարհային հանրությանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հիշեցրել է նման «միջուկային ահաբեկչության» դրսևորումների դեմ պայքարի անհրաժեշտության մասին և շեշտել, որ Թեհրանն իրեն միջադեպի մասնակիցների նկատմամբ պատասխան գործողությունների իրավունք է վերապահում:
Ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի էլեկտրաբաշխման ցանցում վթար է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, շրջակա միջավայրի աղտոտում չի արձանագրվել: