Բորիս Ջոնսոնը չի մասնակցի արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չի մասնակցի Եղիսաբեթ II թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ Դաունինգ-սթրիթի ներկայացուցչի հայտարարությանը հղումով:
Նշվում է, որ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով արարողությանը կարող է մասնակցել միայն 30 մարդ, ուստի վարչապետը չի մասնակցի միջոցառմանը՝ իր տեղը զիջելով թագավորական ընտանիքի անդամներին:
«Վարչապետը ցանկանում է գործել այն բանի համաձայն, ինչը լավագույնն է թագավորական ընտանիքի համար, և այդ պատճառով շաբաթ օրը չի մասնակցի հուղարկավորությանը, որպեսզի արարողությանը ընտանիքի ավելի շատ անդամներ կարողանան մասնակցել»,- ասել է ներկայացուցիչը:
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտարարել էր, որ Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, հուղարկավորվելու է ապրիլի 17-ին, Վինձորի ամրոցի Սուրբ Գևորգ մատուռում:
Նշվում է, որ հուղարկավորությունը հեռարձակվելու է հեռուստատեսությամբ: Միջոցառմանը մասնակցելու են միայն ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները՝ երեսունից ոչ ավելի մարդ: Ազգային սուգը կտևի մինչև ապրիլի 17-ը, իսկ թագավորական ընտանիքինը՝ երկու շաբաթ:
Արքայազն Ֆիլիպը մահացել է ապրիլի 9-ին, 99 տարեկան հասակում: