Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Ապրիլի 7-ին, օրը ցերեկով գնդացիրով կրակել են դաշտում աշխատող քաղաքացիների վրա, կոնկրետ դաշտում աշխատող տրակտորի ուղղությամբ: Իմ կարծիքով թշնամին ճնշում է կիրառում դեպի Շուշի տանող ճանապարհը իրենց վերահսկողության տակ վերցնելու համար»,-ասաց նա` հավելելով, որ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Նշենք, որ Սարուշեն գյուղը սահմանամերձ է, գյուղի մոտով ամեն օր դեպի Շուշի ադրբեջանցիներ են երթեւեկում: Գյուղը պատերազմից հետո նորից լիովին վերաբնակեցվել է:
Դեպքի մասին NEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց Սարուշենի բնակիչ Վիտալի Սարուխանյանը, ում տրակտորն էլ վնասվել էր կրակոցներից:
«Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, 9:40-ի սահմանում, էդ ժամանակ մենք դաշտում աշխատում էինք, վարուցանքով էինք զբաղվում ու սկսել են կրակել Ադրբեջանի վերահսկողությանտակ անցած կողքի գյուղից: Սկզբում կրակում էին ավտոմատից, բայց որ հեռավորությունը շատ էր, օգուտ չէր տալիս սկսեցին կրակել գնդացիրից: Տրակտորի ապակին է ջարդել, արդեն վերանորոգել եմ: Կրակում են, որ մարդկանց մեջ խուճապ գցեն, որ իրենց բնակավայրերը լքեն»,- ասաց նա: