Էրդողանին հրավիրել են Ղրիմ
Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի հարցում դիրքորոշումը միայն ափսոսանք է առաջացնում և նրան հրավիրել է Ղրիմ։
«Էրդողանը, եթե իսկապես իմաստուն և խիզախ քաղաքական գործիչ է, կարող է գալ Ղրիմ։ Ղրիմը բաց է, Ռուսաստանը ձգտում է բաց երկխոսություն վարել բոլոր պետությունների հետ՝ բարիդրացիական հարաբերություններ կառուցելով։ Բայց, ցավոք, Էրդողանի կողմից առայժմ լսում ենք միայն անհեռատես և վիրավորական հայտարարություններ»,- «ՌԻԱ Նովոստի»- ին ասել է Գեմպելը։
Նրա խոսքով՝ Ղրիմը փաստացի և իրավաբանորեն Ռուսաստանի անբաժանելի մասն է, և դրա հետ Թուրքիան պետք է ոչ միայն հաշվի նստի, այլև ճանաչի այդ փաստը։
«Թուրքական տարածաշրջանի համար ժամանակն է տնտեսական հարաբերություններ կառուցել ռուսական Ղրիմի հետ, իսկ Էրդողանը պետք է ուշադրություն դարձնի Ուկրաինայի ազգային-արմատական ղեկավարությանը, որը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքները՝ կազմակերպելով թերակղզու տարբեր շրջափակումներ»,- հավելել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինացի պաշտոնակցի հետ Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի՝ «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու վերաբերյալ սկզբունքային որոշումը։
Էրդողանը հայտարարել էր՝ աջակցում է «Ղրիմի հարթակին»:
«Թուրքիան իր նպատակն է համարում ապահովել անվտանգությունն ու հանգստությունը Սև ծովում»,- հայտարարել է Էրդողանը: