«Նա մի մարդ էր, որի վրա կարելի էր հույս դնել և որը միշտ կանգնած էր իր թագուհու կողքին»․ աշխարհի առաջնորդները ցավակցական հեռագրեր են հղել արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսնու՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին առաջնորդներ ցավակցական խոսքեր են ուղղել թագուհուն և նրա ընտանիքին, հայտնում է BBC լրատվականը։
Լրատվականը նշել է, որ արքայազն իր ամբողջ կյանքում ուղեկցել է թագուհուն իր բոլոր արտասահմանյան ճանապարհորդությունների ընթացքում և շեշտել, որ Էդինբուրգի դուքսը սերում է եվրոպական մի շարք արքայական տոհմերից։
Հատկապես հատկանշական է Իսպանիայի թագավոր Ֆելիպեի և թագուհի Լետիսիայի հեռագիրը, որում ասվում է․ «Ուղարկում ենք մեր ողջ սերն ու գուրգուրանքը մորաքույր Լիլիբեթին (այդպես թագուհուն անվանում էր ամուսինը) և քեռի Ֆիլիպին։ Մենք երբեք չենք մոռանա այն ժամանակը, որ անցկացրել ենք նրա հետ, ինչպես նաև չենք մոռանա Թագին ու Միացյալ Թագավորությանը նրա մատուցած ծառայությունը»։
Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավը գրել է․ «Դուքսը մեր ընտանիքի մեծ բարեկամն էր երկար տարիներ։Հարաբերություններ, որոնք մենք խորապես գնահատում ենք»։
Նիդեռլանդների թագավորական ընտանիքը նշել է, որ իրենք մեծ հարգանքով են հիշում արքայազն Ֆիլիպին՝ հավելելով. «Նա իր երկար կյանքը նվիրեց բրիտանական ժողովրդին ծառայությանը և բազմաթիվ պարտականություններին»:
Բելգիայի թագավոր Ֆիլիպն ասել է, որ ինքը և թագուհի Մաթիլդան «միշտ փայփայելու են ջերմ հանդիպումների հիշողությունները»:
Արքայազնի մահվան կապակցությամբ խոսել են «Ազգերի համագործակցության» 54 անդամ պետությունների ղեկավարները։ Այդ պետությունների զգալի մասը նախկինում Մեծ Բրիտանիայի գաղութներ են եղել։
«Նա մարմնավորում է սերունդ, որին այլևս չենք տեսնի։ Նա մի մարդ էր, որն անսասան էր, որի վրա կարելի էր հույս դնել, և միշտ կանգնած էր իր թագուհու կողքին», - ասվում է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հայտարարության մեջ:
Ցավակցական հեռագրեր են ուղարկել և արքայազն Ֆիլիպի մասին խոսել նաև Միացյալ Նահանգների` ներկայում ողջ նախկին բոլոր նախագահները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, անդրադառնալով Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ամուսնու` Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահվանը, նշել է, որ իր ամբողջ աշխատակազմ ցավակցություն է հղել բրիտանացի միապետին: Բայդենն իր խոսքում հանգուցյալին նկարագրել է որպես «ընտիր տղա»: