«Դոնբասում իրադրությունը մնում է բարդ և սրվելու միտում ունի». Զախարովա
Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ցավոք, այնտեղ իրադրությունը մնում է բարդ և սրվելու միտում ունի»,-ասել է նա՝ ապրիլի 9-ին կայացած ճեպազրույցի ընթացքում: Զախարովայի խոսքով՝ «դրա պատճառը Կիևի մարտական տրամադրվածությունն է, որն առաջվա պես պատրանքներով է ապրում երկրի հարավ-արևելքում հակամարտության ուժային լուծման հնարավորության հետ կապված»:
Նա հայտնել է, որ երկրի այդ շրջանում «կենտրոնացվում են զորքեր և տեխնիկա, նորացվում են մոբիլիզացիոն պլանները, պահեստայինների զորակոչերը, ինչպես նաև ուկրաինական ԶԼՄ-ներում «թեժանում է մտացածին ռուսաստանյան սպառնալիքի մասին տեղեկատվությունը»:
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ռուսլան Խոմչակը հայտարարել է, որ ուկրաինական բանակը պատրաստ է հակազդել Լուգանսկի և Դոնեցկի մարզերի առանձին շրջաններում և ՌԴ-ի հետ սահմանի երկայնքով իրադրության սրմանը:
«Հակառակորդի բոլոր սադրանքներին, բոլոր գործողություններին մենք պլանավորել ենք անհապաղ հակազդման համապատասխան միջոցառումներ»,-ասել Է Խոմչեկը՝ հանդես գալով 1+1 հեռուստաալիքի եթերում: