ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը ստորագրահավաք է սկսել՝ Բայդենից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործողությունների շնորհիվ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը նախաձեռնել է երկկուսակցական ստորագրահավաք, որով ԱՄՆ նախագահ %w Բայդենին կոչ է արվում ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից, ստորագրահավաքը նախաձեռնել են հայտնի կոնգրեսականներ և մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփեյերը։
Հատկանշական է, որ նախորդ ամիս նույն պահանջով երկկուսակցական ստորագրավաք է նախաձեռնվել նաև ԱՄՆ Սենատում, առանցքային՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի նախաձեռնությամբ, որին միացել էին թվով 38 սենատորներ։
Նախագահ Բայդենին ուղղված նամակի տեքստը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև․
«Մեծարգո նախագահ Բայդեն
Այս ամսվա վերջին՝ ապրիլի 24-ին, աշխարհը կհիշատակի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի համակարգված սպանությունը և միլիոնավորների տեղահանությունը 1915-1923 թթ.: Արդեն տասնամյակներ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, սակայն Միացյալ Նահանգների նախագահը լռություն է պահպանում: Մենք միանում ենք Ամերիկայի հպարտ հայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությանն ու արդարությանը՝ խնդրելով Ձեզ ապրիլի 24-ի հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին Դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու և իբրև փոխնախագահ պաշտոնավարելու ժամանակահատվածից, ներառյալ 212-րդ բանաձևի պաշտպանությունը, որով 1990 թ. ապրիլի 24-ը հայտարարվեց որպես Հայոց ցեղասպանության 70-րդ տարելիցի ազգային ոգեկոչման օր։ Մենք նաև գնահատում ենք, որ իբրև փոխնախագահ, 2015 թ. Դուք Ազգային տաճարում ներկա գտնվեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։ Այդ նույն ընթացքում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարեց. «Չարիքը թաքցնելը կամ ժխտելը նման է նրան, որ թողնես վերքը արնահոսի՝ առանց վիրակապելու»:
Մեկ դար առաջ տեղի ունեցածի պատմական փաստը վիճարկման ենթակա չէ: Ժամանակի ամերիկյան դիվանագետները փաստաթղթավորել են հայերի զանգվածային սպանդը, չնայած նրանք խոսք չունեին այն բանի համար, ինչի ականատեսն են եղել: Միայն տասնամյակներ անց էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը, և դա արեց հատուկ ` հաշվի առնելով հայ ժողովրդի բնաջնջման փորձը:
Այս տարի պատշաճ կերպով որակելով ցեղասպանությունը, Դուք կմիանաք Ներկայացուցիչների պալատին և Սենատին, որոնք ճնշող մեծամասնությամբ 2019 թ․ ընդունեցին ճանաչման բանաձևեր։ Ավելին, Կոնգրեսի գրադարանը արդեն ձեռնարկել է կարևոր մի քայլ և Հայոց ցեղասպանության թեմայով գրքերը դասակարգել «Հայոց ցեղասպանություն»՝ պատմականորեն ճշգրիտ խորագրի ներքո:
Պարո՛ն նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ՝ «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել և այն պետք է ավարտվի: Մենք Ձեզ հորդորում ենք հետևել ձեր հանձնառություններին և ասել ճշմարտությունը»: