Պետք է ինչ-որ բան ունենալ նաև գլխում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«Իմ մանկության տարիներին Շինարարների փողոցում մի վարսավիրանոց կար, որտեղ հայրս էր ինձ տանում: Հիշողությանս մեջ մնացել է ծխախոտի մշտական թանձր ծուխը և անվերջանալի կրքոտ վեճերը շախմատի և ֆուտբոլի մասին՝ 1960-ականների երկրորդ կեսին – 70-ականների սկզբին մենք ունեինք շախմատի աշխարհի չեմպիոն և ֆուտբոլային թիմ, որոնց երկրպագում էին: Բանավեճերի մակարդակը բավականին ցածր էր, իսկ հիմքը զանազան ենթադրություններից բխող դավադրության տեսություններն էին:
Որպեսզի ժամանակակից ընթերցողը հասկանա, թե ինչ տիպի խոսակցությունների մասին է խոսքը, բերեմ նմանատիպ օրինակ վերջին ժամանակներից: Մի քանի տարի առաջ մեկը փողոցում ինձ համոզում էր, որ «թուրքերը Մոուրինյոյին փող են տալիս, որ Հենոյին չխաղացնի», այսինքն՝ որպեսզի մեր կիսապաշտպանը չխաղա «Մանչեսթեր յունայթեդի» հիմնական կազմում: Բավականաչափ ինֆորմացիա չունենալով ֆուտբոլի, այդ թվում թիմի մարզչի՝ որոշումներ ընդունելու մեխանիզմների մասին, բնականաբար, կարելի է ընկնել առասպելաբանության գիրկը, իսկ մեր առասպելաբանությունը հիմնականում կապված է թուրքերի հետ: Նման մակարդակի դատողություններ հնչում էին այն վարսավիրանոցում:
Բայց այսօրվա քաղաքական դիսկուրսն իր մակարդակով ավելի բարձր չի, և ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր ժողովրդի մեծամասնությունը պատկերացում չունի, թե ինչ է կատարվում Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում: «Նիկոլը փրկիչ է, որը մեզ ազատել է թալանչիներից» (և դրա համար նրան ամեն ինչ ներելի է) և «Նիկոլը թուրքական լրտես է, որը փողով ծախել է մեր հողերը» (էլի՝ «թուրքական վարկածը»)՝ երկուսն էլ առասպելներ են, որոնք խանգարում են տեսնել մեր իրականությունը և հասկանալ, թե ինչու է այն այդքան տխուր: Դուք կասեք՝ մարդիկ ադեկվատ պատկերացում չունեն աշխարհի մասին, որովհետև դուք՝ լրագրողներդ, չեք կարողանում ճշմարիտ տեղեկություններ հաղորդել նրանց: Մասամբ դա, իհարկե, ճիշտ է: Բայց մարդկանց մեծ մասը ոչ միայն ինֆորմացիա չունի, այլև չի էլ ուզում ունենալ: Կարող եմ դատել իմ այս սյունակների մեկնաբանությունից. ինչի մասին էլ գրեմ, ինչ օրինաչափություններ, նրբություններ փորձեմ բացահայտել, ընթերցողների արձագանքը սովորաբար դուրս չի գալիս «Նիկոլ փրկիչ» – «Նիկոլ լրտես» պարզունակ սխեմայից:
Իսկ ի՞նչ է պետք, որ մարդիկ սկսեն մտածել, որ մարդկանց մոտ ցանկություն առաջանա ինչ-որ բան իմանալու: Դրա համար նրանց պետք է կրթել՝ սկսած մանկապարտեզից և մինչև կյանքի վերջը: Կրթությունը պետք է լինի մեր պետության գլխավոր ռազմավարական ուղղությունը: Երբ այս ներքին անկայունությունն ինչ-որ ձևով հանգուցալուծվի, եկեք լրջորեն դրա մասին մտածենք: …Երբ դպրոցականներին հարցնում ես՝ «ով է գրել «Գիքորը» պատմվածքը», երեխաները նույն պահին վերցնում են սմարթֆոնները, մի քանի վայրկյանում «գուգլում» են Գիքորին և ասում են պատասխանը: Երբ հարցնում ես՝ որքան կլինի վեցին բազմապատկած յոթ, նրանք պատասխանը դարձյալ սմարթֆոնի մեջ են փնտրում: Այդ առիթով թույլ տվեք ևս մի զուգահեռ: Դաշնակահար լինելու համար բավարար չէ միայն դաշնամուրային երաժշտություն լսել, պետք է ստեղծագործությունների որոշակի քանակ ունենալ «մատների մեջ»: Քաղաքացի լինելու համար բավական չէ գիտելիքներ, մտքեր և գնահատականներ ունենալ «արտաքին կրիչների վրա»՝ լինի դա Գուգլը, որևէ հեղինակություն կամ կուռք: Պետք է ինչ-որ բան ունենալ նաև գլխում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։