Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման ապահովման, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ:
Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին: Երկուստեք կարծիք է հայտնվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: