ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել
Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել:
Միքայել Հարությունյանի փաստաբան Կարեն Սարդարյանը հայտնում է, թե հաղորդման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ նախաքննություն իրականացնող մարմինը, հանձինս գործը քննող քննիչի, անտեսելով ՀՀ ՍԴ 26.03.2021 թ-ի ՍԴՈ- 1586 որոշումը, ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, շարունակում է այդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնել Միքայել Հարությունյանի նկատմամբ, ինչով, պաշտպանական կողմի համոզմամբ, կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված հանցագործություն:
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը։
Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։