«Իվան, գնա տուն». Բաքվում բողոքի ակցիա են անցկացրել ՌԴ-ի դեսպանատան դիմաց
Այսօր՝ ապրիլի 9-ին, Բաքվում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպությունը բողոքի ակցիա է անցկացրել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան առջև, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է՝ ակցիայի մասնակիցները բողոքել են «ԼՂ երկրորդ պատերազմի ընթացքում «Իսկանդեր-Մ» համակարգի հրթիռների կիրառման դեմ և Ռուսաստանից պարզաբանումներ են պահանջել»:
Նրանք նաև պահանջել են ռուս խաղաղապահներից «չխոչընդոտել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների տեղաշարժին»։
Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ եղել են «Ռուսաստան, ձեռքերդ հեռու Ղարաբաղից», «Ղարաբաղն Ադրբեջան է», «Լաչինն Ադրբեջան է», «Իվան, գնա տուն» գրություններով պաստառներ։
Նշվում է՝ ոստիկանությունը չի միջամտել ակցիայի ընթացքին։