Բորիս Ջոնսոնը հարգանքի տուրք է մատուցել արքայազն Ֆիլիպին. Դաունինգ սթրիթում իջեցվել են Մեծ Բրիտանիայի դրոշները (Տեսանյութեր)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ քաղաքական առաջնորդները հարգանքի տուրք են մատուցել այսօր կյանքից հեռացած արքայազն Ֆիլիպին: Վարչապետն ասել է, որ «երկիրը շնորհակալություն է հայտնում նրա արտառոց կյանքի և աշխատանքի համար», հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
«Մեր ազգի մտքերը պետք է ուղղված լինեն թագուհուն և նրա ընտանիքին, այն բանից հետո, երբ Բուկինգհեմյան պալատը հայտարարել է 99-ամյա դուքսի մահվան մասին», - ասել է Ջոնսոնը։
Վարչապետը հավելել է, որ թագավորական ընտանիքը «կորցրել է ոչ միայն շատ սիրված և հարգված հասարակական գործչի, այլ նվիրված ամուսնու և հպարտ ու սիրող հայրիկի, պապիկի և վերջին տարիներին արդեն մեծ պապիկի»:
Բուկինգհեմյան պալատի և խորհրդարանի միջև գտնվող Դաունինգ սթրիթում իջեցվել են երկրի դրոշները։
«Արքայազն Ֆիլիպն օգնել է ղեկավարել թագավորական ընտանիքն ու միապետությունը, որպեսզի այն մնա որպես մեր ազգային կյանքի հավասարակշռության և երջանկության համար անվիճելիորեն կարևոր հաստատություն։ Այսպիսով, մենք այսօր ողբում ենք Նորին Մեծություն Թագուհու հետ միասին, ցավակցում ենք նրան և նրա ողջ ընտանիքին և որպես ազգ և Թագավորություն շնորհակալություն հայտնում Էդինբուրգի դուքս Ֆիլիպի արտակարգ կյանքի և աշխատանքի համար»,-ասել է վարչապետը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, արքայազնի մահվան մասին թագավորական ընտանիքը հայտնել է իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ փետրվարին արքայազնն իրեն վատ զգալուց հետո տեղափոխվել էր Լոնդոնի կենտրոնում գտնվող «Էդուարդ VII» մասնավոր հիվանդանոց, ապա սրտի վիրահատություն էր տարել։