Էլիզաբեթ 2-րդն ամուսնու մահվան կապակցությամբ 8-օրյա սգի մեջ է լինելու. Daily Mail (լուսանկարներ, տեսանյութեր)
Բրիտանական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ թագուհի Էլիզաբեթ Երկորդն ամուսնու` Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մահվան կապակցությամբ 8-օրյա սգի մեջ է լինելու և ոչ մի պարտականություն չի կատարելու։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, արքայազնի մահվան մասին թագավորական ընտանիքը հայտնել է իր թվիթերյան էջում․ «Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Ուինդսորի ամրոցում»։
Արքայազնը մահացել է 99 տարեկանում։
Հատկանշական է, որ թագուհին, 1997 թվականին, պսակադրյա հոբելյանի ժամանակ ասել է․ «Նա իմ ուժն ու կայունությունն է եղել այս ողջ տարիների ընթացքում»։
Արքայազն Ֆիլիպը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միապետի ամենաերկարակյաց կողակիցն է:
Զույգն ամուսնացել է 1947 թվականին, երբ թագուհին ընդհամենը 21 տարեկան էր, իսկ արքայազնը թագավորական նավատորմի սպա էր, ով սերում էր հունական և դանիական թագավորական ընտանիքներից։ Այսպիսով Ֆիլիպ Մաունթբաթենը դարձել է Էդինբուրդի դուքս արքայազն Ֆիլիպ։
«Նա ուժեղ մարդ էր, որը միշտ մի քայլ ետ էր կանգնած՝ ցանկացած պահի թագուհուն օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությամբ», - գրել է բրիտանական պարբերականը։
2017 թվականին Ֆիլիպը թողել է իր հասարակական գործունեությունը՝ մասնակցելով 22 219 հասաարակական միջոցառման՝ 1952 թվականին թագուհու հետ ամուսնությունից ի վեր։
Հիշեցնենք, որ փետրվարին արքայազնը տեղափոխվել էր Լոնդոնի կենտրոնում գտնվող «Էդուարդ VII» մասնավոր հիվանդանոց ապա սրտի վիրահատություն էր տարել Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցում։
Ամբողջական տեսադարանը այստեղ։