ՖԻՖԱ-ն հնարավոր է ԱԱ-2022-ի ժամանակ կիրառի «խաղից դուրս վիճակի» հայտնաբերման ավտոմատ համակարգ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) պատրաստ կլինի կիրառել «խաղից դուրս վիճակի» հայտնաբերման ավտոմատ համակարգը Քաթարի 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ, ասել է ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերը:
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիան (IFAB) նախատեսում է փորձարկել այնպիսի տեխնոլոգիա, որը թույլ կտա «կիսաավտոմատ» կերպով գրանցել «խաղից դուրս վիճակը»:
«Կարծում եմ, որ «խաղից դուրս վիճակի» հայտնաբերման ավտոմատ համակարգը պատրաստ կլինի մինչև 2022 թվականը: Ես պնդում եմ, որ նոր տեխնոլոգիա ներդրվի, որի շնորհիվ «խաղից դուրս վիճակի» ազդանշանն անմիջապես կուղղվի եզրային մրցավարին», – մեջբերում է Վենգերին Reuters-ը: ,
Վենգերը նշել է, որ այսօր «խաղից դուրս վիճակի» որոշման ընդունման միջին ժամանակը խաղի ընթացքում մեկ րոպեից ավել է տևում, ինչը բացասաբար է ազդում խաղի մթնոլորտի վրա: