Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. առաջնորդները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով ապրիլի 7-ին կայացած հայ-ռուսական բանակցությունները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ մեջբերելով Կրեմլի մամուլի հաղորդագրությունը:
«Շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն՝ դրա հետագա կայունացման վերաբերյալ: Մասնավորապես, առարկայական դիտարկման են ենթարկվել խաղաղության, անվտանգության և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման ընթացքը: Միևնույն ժամանակ հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում բարձրագույն մակարդակով կայացած ռուս-հայկական բանակցությունների արդյունքները»,- ասվում է հաղորդակցության մեջ: