Բայդենի վարչակազմը մտադիր է խստացնել զենքի շրջանառության կարգավորման միջոցառումները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չորեքշաբթի հայտարարել է զենքի շրջանառության ոլորտում կարգավորումը խստացնող միջոցների մշակման մասին: Համապատասխան հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահը հանձնառու է միջոցներ ձեռնարկել երկրում հրազենի գործադրմամբ բռնության բոլոր ձևերի՝ զանգվածային գնդակահարությունների, ընտանեկան բռնության և ինքնասպանությունների կրճատման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Նշում է՝ Բայդենը չի սպասի ԱՄՆ Կոնգրեսի՝ համապատասխան օրինագծերին հավանություն տալուն, և նախագահի լիազորություններին համապատասխան` անձամբ միջոցներ կձեռնարկի: Այդ կապակցությամբ վարչակազմը հայտարարել է մշակվող մի շարք միջոցառումների մասին։
Միջոցառումներից առաջինի համաձայն՝ 30 օրվա ընթացքում Արդարադատության նախարարությունը կներկայացնի ինքնաշեն ատրճանակների դեմ պայքարի իր առաջարկը։ Ինչպես ընդգծում են մամուլի ծառայությունում, հանցագործները հիմնականում օգտվում են ինքնաշեն ատրճանակներից, որպեսզի հետո նրանց հնարավոր չլինի նույնականացնել։
Բացի այդ, 60 օրվա ընթացքում նույն գերատեսչությունը կներկայացնի առաջարկ, որն ուղղված կլինի զենքերի որոշ տեսակների վաճառքի կանոնների խստացմանը։
Առաջարկվել են նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնք ուղղված են հրազենի գործադրմամբ բռնության դեպքերի կանխարգելմանը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է դատարաններին և տեղական իրավապահ մարմիններին ընդլայնված լիազորություններով օժտելու մասին, որոնք, իրենց հերթին, կանխարգելիչ գործողություններ կձեռնարկեն զենք ունեցող քաղաքացիների նկատամբ։