«Այս տարիքում ավելի ջանասիրաբար և խելացի եմ մարզվում, քան առաջ»․ 51-ամյա Ջենիֆեր Լոպեսը պատմել է գեղեցկության գաղտնիքների մասին
Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը InStyle ամսագրին տված հարցազրույցի ժամանակ պատմել է՝ ինչպես է կարողացել Հոլիվուդում իր կարիերայի ընթացքում պահպանել գեղեցկությունը և «շրջանցել տարիքը»։
«Ես գեղեցկության ոչ մի գաղտնիք չունեմ, բացի JLo Beauty-ից (Լոպեսի հակատարիքային մաշկի խնամքի միջոցների շարքը), որոնց միջոցով բոլորին տալիս եմ իմ գաղտնիքների բանալին»,- ասել է գեղեցկուհին։
Լոպեսի խոսքով՝ «այժմ գտնվում է ավելի լավ մարզավիճակում, քան երիտասարդ տարիներին»։
«20-30 տարեկանում ես սպորտով զբաղվել եմ, բայց ոչ այնպես, ինչպես հիմա։ Բանն այն չէ, որ հիմա ավելի շատ եմ մարզվում, ես պարզապես ավելի ջանասիրաբար և խելացի եմ մարզվում։ Եվ դա ինձնից այնքան էլ շատ ժամանակ չի խլում, որքան առաջ»,- հավելել է նա։
Լոպեսի խոսքով՝ իր տարիքում սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ թե արտաքին տեսքին, այլ առողջությանը, որը նույնպես համարում է իր չխամրող գեղեցկության գրավականը։
Իր աշխատանքային էթիկայով և ջանասիրությամբ հայտնի 51-ամյա աստղը խոստովանել է՝ «շատ է սիրում աշխատանքը»։
«Ես կարող եմ ազնվորեն ասել՝ ապրում եմ երազում, և շնորհակալ եմ ամեն օրվա համար»,- հավելել է նա։
Նշենք, որ Լոպեսի երկու նախկին զուգընկերները՝ երգիչ Մարկ Էնթոնին և դերասան Բեն Աֆլեքը, InStyle ամսագրին տված հարցազրույցի ժամանակ, որի մայիսյան համարի շապիկին հայտնվել է Ջենիֆեր Լոպեսը, գովել են Լոպեսին՝ իր տաղանդի, աշխատանքային էթիկայի և աշխատասիրության համար։