ԱՄՆ Ազգային արխիվը ցանկանում է հանրությանը հասանելի դարձնել Թրամփի արգելված թվիթները
Արխիվների եւ փաստաթղթավորման ազգային վարչությունը հաստատել է, որ աշխատում է, որպեսզի հանրությանը հասանելի դարձնի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թվիթները, որոնք արգելել էր Twitter-ը, հայտնում է Fox News-ը:
Արխիվների եւ փաստաթղթավորման ազգային վարչությունը եւ Twitter-ը երկար տարիներ սերտ համագործակցել են՝ պահպանելու համար կառավարական կոնտենտում գրառումները, որոնք տեղադրվել են սոցցանցում, բայց Թրամփի անձնական էջի արգելքը գործը դժվարացրել էր:
«Արխիվների եւ փաստաթղթավորման ազգային վարչությունը մտադրվել է ապահովել բոլոր արգելված եւ սոցցանցերի կողմից պահպանված նախագահական գրառումներին հանրային հասանելիությունը, ներառյալ բոլոր արգելափակված կամ հեռացված թվիթները, որոնք մեզ են փոխանցվել»,- նշված է Ազգային արխիվի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Twitter-ն ու Ազգային արխիվը, սակայն, հայտարարում են, որ իրենց արխիվներն առանձին են ու միմյանցից տարբերվում են, եւ միայն Ազգային արխիվն է թվիթները հրապարակելու:
«Twitter-ը միանձնյա պատասխանատվություն է կրում այն որոշման համար, թե իրենց պլատֆորմում որ կոնտենտն է հասանելի: Արխիվների եւ փաստաթղթավորման ազգային վարչությունը սերտորեն համագործակցում է Twitter-ի եւ մյուս սոցիալական մեդիա-պլատֆորմների հետ՝ պահպանելու համար յուրաքանչյուր նախագահական վարչակազմի արխիվացված սոցիալական ակաունտները, բայց վերջնարդյունքում պլատֆորմների սեփականատերերը կարող են հրաժարվել այդ ակաուտները տեղադրելուց: Արխիվների եւ փաստաթղթավորման ազգային վարչությունը պահպանում է սոցցանցերում գրառումների անկախ պատճենները եւ աշխատում է հանրությանն այդ կոնտենտը հասանելի դարձնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Twitter-ի մամուլի ծառայությունից էլ հայտարարել են, որ չնայած ընկերությունը գրառումները պահպանելու է «գործող օրենսդրության համաձայն», հունվարին արգելելուց հետո @realDonaldTrump ակաունտի թվիթները վերաակտիվացնելու մտադրություն չունի: