«Չի կարելի հրաժարվել պատվաստանյութից միայն այն պատճառով, որ այն արտադրված է Ռուսաստանում». Ժան Կլոդ Յունկերը ԵՄ-ին կոչ է արել «Սպուտնիկ V» գնել
Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ժան Կլոդ Յունկերն ասել է, որ Դեղերի եվրոպական գործակալության համապատասխան ստուգումից հետո Եվրամիությունը պետք է գնի ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Երբ Դեղերի եվրոպական գործակալությունը ստուգի «Սպուտնիկ V» պատվաստանյութը, մենք պետք է գնենք այն։ Վարակը սահմաններ չունի։ Պատվաստանյութի ծագումը նշանակություն չունի և եթե այն արդյունավետ է, ապա պետք է հասանելի լինի և կիրառվի», - ասել է Յունկերն ավստրիական ORF հեռուստաալիքի եթերում և հավելել, որ կորոնավիրուսային վարակը «խաղալիք չէ» ու չի կարելի հրաժարվել պատվաստանյութից՝ Ռուսաստանում արտադրված լինելու պատճառով։
«Սպուտնիկ V» պատվաստանյութը Դեղերի եվրոպական գործակալության կողմից ստուգում է անցնում մարտի 4-ից։ Գործակալությունը հայտնել է, որ գնահատումը կանցկացվի արագացված ժամանակահատվածում։
Պատվաստանյութն առ այսօր հաստատվել է շուրջ 60 երկրում, որոնց ընդհանուր բնակչությունը գերազանցում է 1,5 միլիարդը։ Դրա արդյունավետությունը կազմում է 91,6 տոկոս՝ համաձայն The Lancet առաջատար բժշկական ամսագրի հրապարակած տվյալների։