Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը: Պավել Կուրոչկինի հայտարարությամբ տեսանյութը հրապարակվել է Երեւանում «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի Facebook-յան էջում:
«Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում մենք Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարության հետ դիմավորեցինք հայկական կողմի ձեռք բերած «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Սա Հայաստան առաքված պատվաստանյութի 15 հազար դեղաչափ է, եւ ինչպես հասկանում եմ, ուղղվելու է բնակչության ռիսկի գոտում գտնվող շերտերի պատվաստմանը: Ես կցանկանայի նշել, որ սա այն լայնամասշտաբ աջակցության շարունակությունն է, որը Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանն է ցուցաբերվում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, որը սկսվել է անցյալ տարի համավարակի ամենասկզբում, եւ մեր դաշնակցային փոխգործակցության ու մեր ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունների, հավանաբար, ամենավառ օրինակն է»,- նշել է Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդականը:
«Ռոսսոտրուդնիչեստվա»-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Արզումանյանն իր հերթին հույս է հայտնել, որ այս ակցիան շարունակական կլինի եւ Ռուսաստանի Դաշնությանը շնորհակալություն է հայտնել պատվաստանյութի մատակարարման համար: