«ԱՄՆ-ն դաշնակիցների հետ կքննարկի Չինաստանում Օլիմպիական խաղերի հնարավոր բոյկոտի հարցը»․ Պետդեպարտամենտ
Միացյալ Նահանգները մտադիր է իր արտասահմանյան դաշնակիցների ու գործընկերների հետ քննարկել Չինաստանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի հնարավոր բոյկոտի հարցը։ CNBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք, բնականաբար, ցանկանում ենք դա քննարկել։ Եվ մենք, բնականաբար, հասկանում ենք, որ համակարգված մոտեցումը ձեռնտու է ոչ միայն մեզ, այլև մեր դաշնակիցներին ու գործընկերներին»,- հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը դիտարկում է ՉԺՀ-ում Օլիմպիական խաղերի «համատեղ բոյկոտի» գաղափարը:
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն դաշնակիցների հետ սերտ խորհրդակցություններ» կվարի այդ հարցի շուրջ:
Ձմեռային խաղերը բոյկոտելու կոչերով ավելի վաղ հանդես են եկել Կանադայից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից գրեթե 200 իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
20-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան Պեկինում՝ 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը: