Բայդենի որդին Պուտինին անվանել է «աշխարհի ամենավտանգավոր մարդը»
ԱՄՆ-ում ԶԼՄ-ները շարունակում են քննարկել երկրի նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի «Գեղեցիկ երևույթներ» (Beautiful Things) վերնագրով հուշագրությունը, որը ընթերցողների դատին է հանձնվել ապրիլի 6-ին։
Ինչպես բացատրել է Հանթեր Բայդենը, հուշագրության վերնագիրն այն բառերն են, որոնք հաճախ էին կրկնում հանգուցյալ եղբոր՝ Բո Բայդենի հետ, երբ վերջինիս պայքարում էր քաղցկեղի դեմ։ Հանթեր Բայդենի խոսքով՝ հիվանդության ամբողջ ընթացքում ինքն ու եղբայրը շարունակում էին միմյանց հիշեցնել, որ կյանքում «գեղեցիկ երևույթները շատ են»։
Իր գրքում ԱՄՆ-ի 46-րդ նախագահի որդին խոսել է թմրանյութերից կախվածության մասին, խոստովանել է, որ եղբոր այրու հետ սիրային կապը ծնվել էր փոխադարձ վշտից, ինչպես նաև պատմել է Burisma գազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունում աշխատելու և դրա շուրջ ծագած սկանդալի մասին։
Հանթեր Բայդենը, մասնավորապես, պատմել է՝ Ուկրաինական Burisma գազային ընկերության տնօրենների խորհրդում աշխատելու տարիներին ինչպես են «դիմակայել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և թե ինչպես է ընկերության դեմ կեղտոտ պատերազմ սկսվել»:
CBS Sunday Morning-ին տված հարցազրույցի ժամանակ նա պնդել է՝ ուկրաինական Burisma-ում աշխատելու տարիներին անբարո ոչինչ չի արել՝ նշելով, որ ոչ ոք մինչ օրս չի ապացուցել, որ ինքը կամ հայրը հակաօրինական գործողություններ են արել։
«Ես մի բան գիտեի՝ Burisma-ն դիմակայում էր աշխարհի ամենավտանգավոր մարդու ուղղակի շահերին»,- եզրափակել է ԱՄՆ-ի նախագահի որդին:
Հիշեցնենք՝ Հանթեր Բայդենը Burisma-ում աշխատելիս ամսական վաստակել է մինչև 50 000 ԱՄՆ դոլար: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները կարծում են, որ Բայդեն կրտսերը լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար օգտագործել է իր հոր պաշտոնական դիրքը: Բացի այդ, նրանք Բայդեն ավագին կասկածում են Ուկրաինայի իշխանությունների վրա ճնշման համար՝ գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին աշխատանքից ազատելու առնչությամբ, որը ղեկավարում էր ընկերության դեմ հետաքննությունը: Ջո Բայդենը հերքում է մեղադրանքները: