Թուրքիայում Չինաստանի դեսպանն ԱԳՆ է կանչվել
Թուրքիայում արտաքին գործերի նախարարություն է կանչվել երկրում Չինաստանի դեսպան Լյու Շաոբինը։ Թուրքիայի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել սոցցանցերում դիվանագիտական առաքելության հրապարակումների կապակցությամբ: Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդվում է՝ խոսքը դեսպանատան թվիթերյան էջում արված գրառումների մասին է:
Օրեր առաջ Թուրքիայում ՉԺՀ դեսպանատունը Twitter-ում իր հրապարակման մեջ նշել էր ընդդիմադիր Iyi Parti («Լավ կուսակցություն») կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի էջերը։
«Չինական կողմը վճռականորեն դեմ է և դատապարտում է Չինաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անձի կամ ուժի։ Չինական կողմն իրավասու է համարժեք պատասխան տալ»,- ասվում էր Թուրքիայում ՉԺՀ դեսպանատան թվիթերյան գրառման մեջ։