Բռնության ենթարկված և բերման ենթարկված կանանց թվում եղել են Արցախյան պատերազմում զոհվածների դուստրեր, կանայք, մայրեր․ «Ճշմարտություն սերունդների համար»
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել այսօր Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որոնց ընթացքում ոստիկանները բռնություն կիրառելով բերման էին ենթարկել բողոքի ակցիա իրականացնող կանանց։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Խստիվ դատապարտում ենք այսօր՝ ապրիլի 7-ին ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը բողոքի խաղաղ գործողություն իրականացնող կին ցուցարարների նկատմամբ: Ոստիկանների արարքն ավելի զարհուրելի է դառնում, երբ պարզում ենք, որ բռնության ենթարկված եւ բերման ենթարկված կանանց թվում եղել են Արցախյան պատերազմում զոհվածների դուստրեր, կանայք եւ մայրեր:
Ոստիկաների արարքն ավելի նողկալի է դառնում այն պատճառով, որ նրանք հայ կնոջ նկատմամբ ուժ են կիրառել Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի օրը, երբ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
Դատապարտելով ոստիկանների կողմից ուժի կիրառումը, միաժամանակ պահանջում ենք ոստիկանապետի հրաժարականը եւ բռնարարքի մասնակից ոստիկաների պաշտոնանկությունը եւ հեռացումը ուժային կառույցներից»։