ՌԴ-ն մտադիր չէ արտասահմանցի առաջնորդների հրավիրել մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին. Պեսկով
ՌԴ նախագահի վարչակազմը չի հրավիրի արտասահմանյան երկրների ղեկավարներին մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնական ռազմաշքերթին, քանի որ տարին հոբելյանական չէ: Ինչպես փոխանցում է Ведомости-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, տարին հոբելյանական չէ, այդ իսկ պատճառով չի նախատեսվում արտասահմանցի մասնակիցների հրավիրել: Ընդհանուր առմամբ, հավանաբար, կգործի հրավերների սովորական ռեժիմ, սակայն միջոցառման անցկացման մանրամասները սանիտարական իշխանությունների կողմից կորոշվեն արդեն շքերթի անցկացման մոտ օրերին»,- ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է արտասահմանցի առաջնորդների հրավիրել շքերթին:
Ավելի վաղ Պեսկովն արդեն հայտնել է, որ 2021 թվականին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված շքերթը կանցնի սովորական ձևաչափով: Միջոցառումներ կիրականացվեն Մոսկվայում և ՌԴ 27 այլ քաղաքներում: Դրանց կմասնակցի ավելի քան 47 000 մարդ, մոտ 1600 միավոր ռազմատեխնիկա և ավելի քան 200 օդանավ: