2,6 սմ․ կանադացի տղան աշխարհում ամենաերկար կաթնատամն ունենալու շնորհիվ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ)
Կանադացի տղան աշխարհում ամենաերկար կաթնատամն ունենալու շնորհիվ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, գրում է Times Now-ն՝ նշելով, որ 2,6 սմ երկարությամբ ատամը հեռացվել է 2019-ին՝ ատամնաբույժ Քրիս Մաքարտուրի կողմից։
Այնուհանդերձ, 10-ամյա Լյուկ Բոուլթոնը միայն վերջերս է ստացել Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիրը, որը փաստում է՝ նա ունի աշխարհում ամենաերկար կաթնատամը։
«Սկզբում մի քիչ անհանգստանում էինք՝ մտածելով, որ նրա բերանում այդպիսի ատամ է եղել, բայց, ինչ խոսք, տպավորիչ է»,- հայտնել է տղայի հայրը, որը խոստովանել է՝ որդու «ռեկորդակիր ատամի» շնորհիվ իրենց ընտանիքը հայտնի է դարձել։
Նշվում է, որ նախորդ ռեկորդը պատկանել է Օհայո նահանգի 10-ամյա բնակիչ Կուրտիս Բեդին, որի կաթնատամը 2,4 սմ է եղել: