Բայդենը դիտարկում է Թրամփի անավարտ ծրագիրը շարունակելու և Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը վերսկսելու հնարավորությունը․The Washington Times (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անօրինական ներգաղթյալների ներհոսքի հետ կապված ճգնաժամի ֆոնին դիտարկում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ սկսված Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը վերսկսելու հնարավորությունը։
The Washington Times-ի հաղորդմամբ՝ երկրի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասն աշխատակիցներին հայտնել է շինարարարկան աշխատանքների վերսկսկման հնարավորության մասին՝ ընդգծելով, որ խոսքն ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև պատի «ճեղքերը» փակելու մասին է։
Ինչպես նշել է թերթի աղբյուրը, Մայորկասն անցյալ շաբաթ կայացած հանդիպման ժամանակ հայտնել է՝ թեև Բայդենը չեղարկել է պատի կառուցումը, նա «չի բացառել որոշ տեղերում պատի ճեղքերի շինարարությունն ավարտին հասցնելու վերաբերյալ քննարկումները»։
Ավելի վաղ Թրամփը գործող նախագահ Բայդենին կոչ էր արել անօրինական ներգաղթյալների ներհոսքի հետ կապված ճգնաժամի ֆոնին անհապաղ վերսկսել ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սահմանին պատի կառուցումը։
Թրամփի խոսքով՝ նրան հաջողվել է ապահովել հուսալի սահմանային անվտանգություն, իսկ Բայդենի վարչակազմը «մի քանի շաբաթվա ընթացքում ազգային հաղթարշավը վերածել է ազգային աղետի»:
ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել է, որ նոր վարչակազմը «պետք է անհապաղ ավարտին հասնի պատի կառուցումը»: Նրա կարծիքով՝ դա կարելի է անել «մի քանի շաբաթվա ընթացքում»։
Շաբաթներ առաջ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի վերջին երկու տասնամյակների ընթացքում Կենտրոնական Ամերիկայի պետություններից ռեկորդային թվով անօրինական ներգաղթյալների ժամանմանը:
Բայդենն այս տարվա հունվարին երդմնակալությունից անմիջապես հետո մի շարք հրամանագրեր է ստորագրել, այդ թվում՝ մեղմացրել Է երկրի միգրացիոն օրենսդրությունը: Նախագահի պաշտոնում վերջինիս առաջին հրահանգներից մեկը եղել է ամերիկա-մեքսիկական սահմանին տիրող իրավիճակի պատճառով Թրամփի սահմանած արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը: Այս ռեժիմը թույլ էր տալիս ֆինանսավորել պատի կառուցումը՝ շրջանցելով ԱՄՆ-ի Կոնգրեսը։