Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում արագորեն տարածվում են կորոնավիրուսի նոր մուտացիաները
Կորոնավիրուսի նոր մուտացիաներն արագորեն տարածվում են ԱՄՆ-ում և վարակի նոր դեպքերի թիվը կրկին աճում է, ուստի չի կարելի ասել` երկրում համավարակի դեմ պայքարը հասել է ավարտին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Կան շատ լավ նորություններ, բայց կան նաև որոշ վատ նորություններ. վիրուսի նոր մուտացիաներն արագորեն տարածվում են, վարակի նոր դեպքերի թիվը կրկին աճում է, հոսպիտալացումների թիվն այլևս չի նվազում։ Թույլ տվեք շատ անկեղծ լինել ձեզ հետ. մենք կորոնավիրուսի դեմ պայքարի եզրափակիչ փուլում չենք»,- ասել է նա:
Այնուհանդերձ, նրա խոսքով՝ երկրի իշխանությունները բնակչության պատվաստման գործում «անհավանական առաջընթաց» են գրանցել:
«Լավ նորությունն այն է, որ մենք գտնվում ենք առաջին 100 օրվա ընթացքում 200 մլն պատվաստումների մեր նպատակը կատարելու ճանապարհին»,- հավելել է նա։
Բայդենի խոսքով՝ ձեռք բերված հաջողությունների շնորհիվ պատվաստումը երկրի բոլոր չափահաս բնակիչներին հասանելի կլինի մինչև ապրիլի 19-ը, այլ ոչ թե մայիսի 1-ը, ինչպես պլանավորվել էր ավելի վաղ:
Բայդենը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն առաջիկայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բավարար չափաբաժին կունենա, որպեսզի դրանք կարողանա տրամադրել այլ երկրներին՝ նշելով, որ «չեն կարող պարզապես այդ խնդիրը լուծել միայն ԱՄՆ-ի ներսում, այն պետք է լուծել ամբողջ աշխարհում»։