Մաղձ ու վրեժ․ նիկոլփաշինյանական բոլոր նախաձեռնություններն այս 3 տարվա ընթացքում նույն ճակատագիրն են ունեցել, ինչ «Մարտի 1»-ի գործի դատավարությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլփաշինյանական բոլոր նախաձեռնություններն այս երեք տարվա ընթացքում նույն ճակատագիրն են ունեցել, ինչ «Մարտի 1»-ի գործի դատավարությունը, որը մոտ 3 տարի զբաղեցրել է մեր հասարակության միտքն ու ուշադրությունը։
Մարտի 1-ի գործի բացահայտման մասին վարչապետ Փաշինյանը խոսեց անմիջապես պաշտոնը ստանձնելուց հետո՝ խոստանալով, որ մեղավորները պատժվելու են։ 3 երկարուձիգ տարի, հարյուրավոր վկաներ ու տուժողներ, հազարավոր դատական նիստեր, կալանքներ ու խուզարկություններ, միջնորդություններ ու ասուլիսներ։ Որքա՜ն ժամանակ ու ռեսուրս ծախսվեց այս գործի դատաքննության վրա, և դա ընդամենը մեկ մարդու կամայականության պատճառով։ Հազարավոր մարդիկ դարձան այդ կապրիզի զոհը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնվեցին ամբաստանյալի կարգավիճակում, երկրի նախկին նախագահը մոտ 2 տարի կալանքի տակ մնաց։ Նաև այս գործի պատճառով խաթարվեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները, և գուցե նաև այդ պատճառով ունեցանք կործանարար պատերազմն ու անհաշիվ զոհերը։
Մյուս կողմից, «Մարտի 1»-ի դատավարությունը նաև այն միակ գործն է, որը նոր իշխանությունների օրոք քննվել է, իբրև թե ավարտին հասցվել և մտել դատարան։ Միակ գործն է, որտեղ նախկին իշխանությունների ներկայացուցիչները հայտնվել են մեղադրյալի աթոռին և որպես նախորդ 30 տարվա թալանի ու ավերածությունների սիմվոլ՝ դատվում էին, չէ՞ որ 3 տարի շարունակ խոսել են նախկինների մեղքից։ Միակ գործն է, որտեղ 2018-ի իշխանությունը հետևողականություն է դրսևորել։
Պարզվեց՝ անգամ այն պարագայում, երբ իրենց համար սկզբունքային է ու կարևոր, խուսափել անգրագիտությունից, անփութությունից, օրենքի շրջանակներում գործել չի ստացվում։ Մինչդեռ մարդիկ զգուշացնում էին, որ մաղձի ու վրեժի վրա երկիր չես կառուցի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: