ԱՄՆ-ն ծանուցագիր է հրապարակել С-400-ների գնման պատճառով Թուրքիայի նկատմամբ արդեն սահմանված պատժամիջոցների մասին
Ամերիկյան վարչակազմը երկուշաբթի օրը ծանուցագիր է հրապարակել Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով այդ երկրի պաշտպանական արդյունաբերության ղեկավարության դեմ նախկինում սահմանված պատժամիջոցների մասին: ԱՄՆ Պետդեպարտամենտի համապատասխան ծանուցումը տեղադրված է այսպես կոչված դաշնային ռեգիստրում`ամերիկյան կառավարության պաշտոնական փաստաթղթերի հավաքածուում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ծանուցումից բխում է, որ սահմանափակող միջոցներ են կիրառվում ինչպես Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության, այնպես էլ նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի, ինչպես նաև կազմակերպության ղեկավարության 3 այլ ներկայացուցիչների՝ Մուստաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի և Ֆարուք Յիգիթի նկատմամբ: Այս բոլոր որոշումների մասին հայտարարվել է 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից ՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ: Սահմանափակումները կիրառվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքով (CAATSA): Նոր ծանուցման մեջ նշվում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ են «2020 թվականի դեկտեմբերի 14-ից»:
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը ՏԱՍՍ-ի թղթակցին դեռ չի պարզաբանել, թե ինչով է բացատրվում այս փաստաթղթի հրապարակման անհրաժեշտությունը:
Դեկտեմբերին սահմանված պատժամիջոցները ներառում էին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մարմնի համար ԱՄՆ արտահանման լիցենզիայի և թույլտվությունների արգելքը, ինչպես նաև ակտիվների սառեցումը և մուտքի արտոնագրերի սահմանափակումները կազմակերպության թվարկված ղեկավարների համար: