Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Եռաբլուրում. Եվրոպան սա պետք է տեսնի (Լուսանկարներ)
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամին (Հանրապետականներ կուսակցություն) այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն և լուսանկարներ հրապարակել:
«Եռաբլուր զինվորական գերեզմանատուն: Այս հազարավոր դրոշներից յուրաքանչյուրի տակ զինվոր է ամփոփված, որ զոհվել է անցյալ տարի՝ Հայաստանը պաշտպանելով ագրեսիայից: Նրանց մեծ մասը հազիվ 20 տարեկան էր: Ամբողջ Եվրոպան պետք է բացի աչքերը և վերջապես դուրս գա լռությունից»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչն իր Facebook-յան էջում:
Ավարտին նա մեջբերել է Լուի Արագոնի «Կարմիր պաստառ» բանաստեղծությունից քառյակ, որը գրվել է 1954 թվականին Փարիզի ХХ շրջանի փողոցի անվանման մեջ Մանուշյանի խմբի հիշատակի հավերժացման առիթով: Բանաստեղծությունը գրվել է Մելինե Մանուշյանի՝ մահապատժի ենթարկված իր ամուսնու մասին գրքի տպավորության տակ:
Մնաք բարով թախիծ ու խինդ,
Մնաք բարով վարդեր,
Մնաս բարով կյանք, մնաք բարով լույս ու քամի:
Ամուսնացիր եւ երջանիկ եղիր, իմ մասին էլ հաճախ մտածիր.
Դու, որ շարունակելու ես ապրել հիասքանչ աշխարհում,
Երեւանում – հետո, երբ ամեն ինչ ավարտվի: