Ռուս խաղաղապահները Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարք են նախաձեռնել (լուսանկարներ)
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված «Ընտանիքի պատմություն՝ հաղթանակի պատմություն» խորագրով միջոցառումների շարք են նախաձեռնել, գրում է ՌԴ ՊՆ-ն։
Նախաձեռնությունը մեկնարկել է Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի՝ 1941-1945 թվականներին հիտլերյան ուժերի դեմ մարտերում զոհված զինվորների հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ։
Նշվում է, որ «երիտասարդ սերնդի շրջանում Հայրենական մեծ պատերազմի թեմայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու և պատմության խեղաթյուրում թույլ չտալու համար ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն այսուհետ կանոնավոր կերպով կմասնակցեն այդ թեմայի մասին կազմակերպվող դասընթացներին»։
Նշվում է նաև՝ «Ընտանիքի պատմություն՝ հաղթանակի պատմություն» նախաձեռնությունից զատ, խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը, համագործակցելով Մարտակերտի, Մարտունիի և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ, նախաձեռնել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված ազատամարտիկների հուշարձանների և հուշակոթողների բարեկարգման աշխատանքներ:
Այս նախաձեռնությունները, որոնք անցկացվում են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների անմիջական մասնակցությամբ, կտևեն մինչև մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը: