«Համապարփակ բացատրություններ ենք տվել այն մասին, թե ինչ է կատարվում Դոնբասում». ՌԴ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի իրավիճակի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի շուրջ:
Այս մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ռյաբկովի խոսքով՝ ռուսական կողմը համապարփակ բացատրություններ է տվել այն մասին, թե ինչ է կատարվում Դոնբասում:
Ավելի վաղ ԱՄՆ-ն պատրաստակամություն էր հայտնել Ռուսաստանի հետ շփումներ հաստատել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Պետդեպարտամենտի խոսնակի խոսքով, ԱՄՆ-ն անհանգստացած է «Ուկրաինայի արևելքում ռուսական ագրեսիայի սրմամբ», այդ թվում՝ Ուկրաինայի և Ղրիմի հետ սահմանին ռուսական զորքերի տեղաշարժի մասին շրջանառվող հաղորդագրությունների առնչությամբ:
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին Կիևը մեղադրել էր Մոսկվային Դոնբասում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Ռուսաստանը կենտրոնացրել է կանոնավոր բանակային ստորաբաժանումները սահմանին և ուժեղացրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների զորավարժությունները: