Երևանում Hyundai Elantra-ն բախվել է երկաթե դարպասներին, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա. shamshyan.com
Ապրիլի 5-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:, Ժամը 21:00-ի սահմաններում Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 101 տան երկաթե դարպասներին, այնուհետև առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանն ու ավագ տեսուչ Շահեն Միսկարյանը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն դեպքի վայրում վիրավոր մարդ չի հայտնաբերվել:
Ոստիկանությունը պարզում էր ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
Վթարի վայրի հարևանությամբ մեծ թվով բնակիչներ, այդ թվում՝ ավագ սերնդի ներկայացուցիչներ, արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով. «էս փողոցը որոշ վարորդների համար դարձել է ավտոռալի:
Քանի որ ճանապարհը լավ ասֆալտապատված է, որոշ վարորդներ տանջում են ավտոմեքենայի գազի սեղմակը, չմտածելով, որ նման ձևի ավտոմեքենա վարելու պատճառով վթարներ են տեղի ունենում:
Այս հատվածում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ վրաերթեր, եղել են մահվան ելքով, իսկ շատ քաղաքացիներ էլ հայտնվել են հիվանդանոցներում: 2 տարի է, դիմել ենք Երևանի քաղաքապետարան, անգամ՝ գրավոր, որպեսզի կամ արագաչափ դնեն, կամ 3-4 արհեստական անհարթություններ: Վստահ ենք, եթե արհեստական անհարթությունները տեղադրվեն, վթարները մեծ մասամբ կպակասեն: Հիմա ո՞ւմ դիմենք: Փառք ենք տալիս Աստծուն, որ այս վթարի ժամանակ ոչ մի քաղաքացի չի տուժել: Ճիշտ է, տանտերը կրել է նյութական մեծ վնաս, բայց դա լուծվող հարց է, իսկ եթե քաղաքացի տուժեր ու քաղաքացու հարազատները բռնեին ու շան քոթակ տային, ո՞ւմ էին մեղադրելու: Հիմա գոնե այս վթարից հետո քաղաքապետարանի չինովիկները դուրս գան իրենց կաբինետներից ու գան մի օր, մի քանի ժամով էս փողոցում կանգնեն: Կհամոզվեն, որ մեր խնդրանք-պահանջը անկապ չի: Հարցի միակ լուծումը՝ մի քանի արհեստական անհարթություններ տեղադրելն է, ինչը զսպաշապիկ կլինի որոշ վայ վարորդների համար, էլ չենք ասում 5-6 հազար բնակիչների՝ հիմնականում բնակվողների, ժամանած հյուրերի և այս ճանապարհով անցնող Շորբուլախի, Ջրաշենի ապրողների անվտանգության մասին:
***** «Մուրացան» բժշկական կենտրոնից Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 15-ամյա Մհեր Պ.-ն, ով տեղում բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նշված տեղեկությունը Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից հիվանդանոց են մեկնել բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանն ու ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: