Վերջին 3 տարում քանդվել են պետական ինստիտուտները, ինստիտուցիոնալությունը խանգարող հանգամանք էր դարձել այս իշխանության համար․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին, որում անդրադարձել է նաև Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանին սպառնացող արտագաղթի ալիքին:
Խոսելով Ղարաբաղյան վերջին պատերազմում պարտության հետևանքով Հայաստանից և Արցախից սկսված արտագաղթի մասին, Քոչարյանն ասել է.
«Իմ կարծիքով, բնականաբար, ինքնության որոշակի ճգնաժամ կա այդպիսի հարվածից ու այդպիսի շոկից հետո: Հարցը նաև նրանում է, թե ինչպիսի տեղ է զբաղեցնում պետությունը մեր սեփական ընկալման մեջ: Մենք շատ ուժեղ ազգային բաղադրիչ ունենք մեր ինքնության մեջ, բայց դրանում շատ փոքր տեղ է զբաղեցնում պետությունը: Դե դա պարզ է, մենք շատ երկար ժամանակ պետականություն չենք ունեցել, և պետականություն հասկացությունը չի արտացոլվել մեր գրականության, արվեստի մեջ»,– ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում նույնը չէ, ինչը Ռուսաստանում է, այս առումով իրավիճակը ամբողջովին տարբեր է:
«Մեկ այլ կողմից, մեր ինքնության ուժեղ կողմերն են յուրահատուկ այբուբենը, յուրահատուկ լեզուն, յուրահատուկ եկեղեցին` Հայ Առաքելական Եկեղեցին: Սրանք ազգային տեսանկյունից մեզ հայ են պահում, բայց երբ պետության գաղափարը թույլ է, ինչ տարբերություն, հայ կլինես Ավստրալիայում, Լոս Անջելեսում, թե մեկ այլ տեղ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ պետությունը ձևավորի ազգային բյուրոկրատիան, որը կդառնա այդ ինքնության կրողը: Դա վերջին 3 տարում չի եղել, մեթոդաբար քանդվել են պետական ինստիտուտները, այսինքն ինստիտուցիոնալությունը խանգարող հանգամանք էր դարձել այս իշխանության համար: Ամեն բան ավելի խորն է»,– ասել է նա:
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հայերի համար շատ ավելի հեշտ է երկրից մեկնելը, քանզ կա մեծ սփյուռք: «Մեծ սփյուռքը մի կողմից լավ է, դա հսկայական ռեսուրս է, որը կարող է օգնել երկրի զարգացմանը, բայց եթե նրանք հիասթափված են երկրից, դա բերում է արտագաղթի մեծ ալիք, իսկ սփյուռքը վերածվում է հսկայական պատրաստի ենթակառուցվածքի, որը խթանում է այդ արտագաղթը: Այդ իսկ պատճառով մենք պետք է գրավիչ ու ձգող երկիր լինենք, հայկական աշխարհի կենտրոնը, բայց եթե համատարած հիասթափություն է տիրում Հայաստանի նկատմամբ, ապա այդ գործընթացը լրիվ հակառակ ուղղությամբ է շրջվում»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը: