Շառլ Ազնավուրի հրապարակի Աստղային ճեմուղում բացվեց կինոպրոդյուսեր Մարտուն Ադոյանի անվանական աստղը
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ Մարտուն Ադոյանի անվանական աստղը համալրեց Շառլ Ազնավուրի հրապարակի Աստղային ճեմուղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աստղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 5-ին:
«Մարտուն Ադոյանն առաջին հերթին կարգին մարդ էր, շատ հետաքրքիր ընկեր, կինոյին նվիրված անձնավորություն: Զարմանալի բան էր. թվում էր, թե պրոդյուսերը կինոմասնագիտություն չէ, բայց Ադոյանի պես նվիրված, կինոյի նկատմամբ այդքան նուրբ մոտեցում ունեցող մարդիկ շատ քիչ են: Քիչ առաջ զրուցում էի ներկաների հետ, և ոչ ոք չհիշեց մի դեպք, որ Մարտունը որևէ մեկին կինոյի հարցում մերժած լինի»,-լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ իզուր չէր, որ Մարտուն Ադոյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, իզուր չէր, որ նա պետական մրցանակի դափնեկիր էր, միջազգային լավագույն մրցանակներն էր ստացել որպես պրոդյուսեր: Ըստ Հարությունյանի՝ Ադոյանի ամենամեծ գործը «Մոսկվա» կինոթատրոնն էր, որտեղ նա պահեց գեղեցիկ մթնոլորտ, որտեղ ծնվեցին ֆիլմեր, եղան պրեմիերաներ: Խաչատրյանի համար հատկապես կարևոր է այն, որ Ադոյանի աջակցությամբ «Մոսկվա» կինոթատրոնում ծնվել է «Ոսկե ծիրան»-ը:
Հարություն Խաչատրյանը մեծ տխրություն համարեց այն, որ Ադոյանի ստեղծած Աստղային ճեմուղում բացվում է նրա անվանական աստղը, սակայն Ադոյանը ներկա չէ:
«Մենք մեկ տարի չենք կարողանում համակերպվել այս իրողության հետ: Տղաս ամեն ինչ անում է, որ վառ պահի հոր հիշատակը: Մարտուն Ադոյանը շատերի աստղերն է բացել, իսկ այսօր նրա անվանական աստղի բացումն է: Շատ սպասված է այս իրադարձությունը: Նա շատ էր սիրում կինոն և անում էր ամենը, որ երիտասարդ կինոմատոգրաֆիստներն իրենց տեղը գտնեն, ու կինոն զարգանա: Նա արել է ամեն ինչ, որ «Մոսկվա» կինոթատրոնը գործի, շարունակի լավ պահեր պարգևել բոլորին»,-ասաց Մարտուն Ադոյանի կինը՝ Նելլի Ադոյանը:
Անվանական աստղի բացումից հետո «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Ադոյանի հիշատակին:
Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է Մարտուն Ադոյանի որդին՝ Հովհաննես Ադոյանը: Կինոնկարի ռեժիսորն Էդգար Բաղդասարյանն է: Ֆիլմը, որը նկարահանվել է Մարտուն Ադոյանի մահվանից հետո, Ադոյանի հարազատների, ընկերների, մտերիմների պատմությունների միջոցով պատմում է Ադոյանի՝ որպես գործարարի, ընկերոջ, ընտանիքի հոր, կինոթատրոնի տնօրենի և պարզապես մարդու մասին:
Մարտուն Ադոյանը ծնվել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: 1986-1991 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի վերահսկողության և վերստուգման բաժնի պետը, Հանրապետության կինովիդեո միավորման գլխավոր տնօրենի տեղակալը: Եղել է բազմաթիվ ֆիլմերի և հեռուստաֆիլմերի գլխավոր պրոդյուսեր։
1991 թվականից մինչև իր կյանքի վերջ զբաղեցրել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենի պաշտոնը։
Մահացել է 2020 թվականի ապրիլի 28-ին:
Ֆոտոշարքն՝ ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: