Մոսկվան և Վաշինգտոնը բարձր մակարդակի վրա են պահում Ուկրաինայի հարցով շփումները. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր մակարդակի վրա են պահում շփումներն Ուկրաինայի հարցով: Մոսկվան Վաշինգտոնին հավաստիացրել է, որ անհիմն են մեղադրանքներն այն մասին, թե Ռուսաստանն Ուկրաինայի արևելքում ապակայունացնում է իրավիճակը:
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կապի մեջ ենք ամերիկացիների հետ: Դա իրականացվում է բարձր մակարդակով», - լրագրողներին ասել է Ռյաբկովը:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը, սակայն «ռուսական կողմը Նահանգներին ի պատասխան վստահեցրել է, որ այդ անհանգստությունն անհիմն է»:
«Եվ նրանց պետք է անհանգստացնի ոչ թե սա, այլ Կիևի անընդունելի պահվածքը, որը ոչ միայն չի համապատասխանում Մինսկի միջոցառումների փաթեթին, այլև ավելի ու ավելի արհամարհական ձևով ինքնին հերքում է այդ համաձայնագրերը»,- շեշտել է պաշտոնյան ու նշել՝ ԱՄՆ-ի նման մտածելակերպն իսկապես կօգներ կայունացնել իրավիճակը: